2026 թվականի սեպտեմբերի առաջին օրերին քարտեզագրության շուրջ սկսվեց բավական հետաքրքիր միջազգային քննարկում։ Պատճառը ոչ թե նոր արբանյակային տվյալներն են կամ նոր քարտեզագրման տեխնոլոգիան, այլ մի հարց, որը քարտեզագիրներին հայտնի է դարեր շարունակ․ ինչպե՞ս Երկրի մակերևույթը հնարավորինս ճիշտ ներկայացնել հարթ քարտեզի վրա։
Սեպտեմբերի 4-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց բանաձև, որը խրախուսում է աշխարհագրական քարտեզներում օգտագործել հավասար-մակերես (equal-area) պրոյեկցիաներ, մասնավորապես՝ Equal Earth պրոյեկցիան։ Բանաձևին կողմ քվեարկեց 164 երկիր, 6-ը ձեռնպահ մնացին, իսկ ԱՄՆ-ն դեմ քվեարկեց։
Սակայն այստեղ կա մի կարևոր ճշտում․ ՄԱԿ-ը չի «արգելել» Մերկատորի պրոյեկցիան և չի փոխարինել աշխարհի բոլոր քարտեզները մեկ օրում։ Բանաձևը իրավական պարտադիր ուժ չունի և հիմնականում խրախուսում է ավելի ճշգրիտ տարածքային հարաբերություններ ցույց տվող քարտեզների կիրառումը։ Մերկատորի պրոյեկցիան շարունակում է կարևոր դեր ունենալ, հատկապես նավիգացիայի ոլորտում։
Բայց ինչո՞ւ է սա այդքան կարևոր
Եթե դպրոցական աշխարհագրության դասերին սովորել ենք, որ Գրենլանդիան հսկայական կղզի է և քարտեզի վրա մոտավորապես նույն չափի է երևում, ինչ Աֆրիկան, ապա այստեղ կա մի հետաքրքիր խնդիր։
Իրականում Աֆրիկան մոտ 14 անգամ մեծ է Գրենլանդիայից։
Մերկատորի պրոյեկցիայում, սակայն, բարձր լայնություններում գտնվող տարածքները շատ ավելի են մեծացվում։ Արդյունքում Գրենլանդիան քարտեզի վրա կարող է թվալ գրեթե Աֆրիկայի չափ, մինչդեռ իրական մակերեսների հարաբերակցությունը բոլորովին այլ է։
Այսինքն՝ խնդիրը Աֆրիկան «մեծացնելու» մեջ չէ։ Աֆրիկան միշտ էլ այդքան մեծ է եղել։ Պարզապես տարբեր պրոյեկցիաներ նույն տարածքը կարող են մեզ ներկայացնել շատ տարբեր տեսքով։
Մերկատորի պրոյեկցիան «սխալ» է
Ոչ։
Սա ամենակարևոր կետերից մեկն է, որը հաճախ անհետանում է այս թեմայի շուրջ քննարկումներում։
Մերկատորի պրոյեկցիան ստեղծվել է 1569 թվականին՝ ֆլամանդացի քարտեզագիր Gerardus Mercator-ի կողմից։ Այն հատկապես արժեքավոր էր ծովագնացության համար, որովհետև պահպանվում են հաստատուն ուղղությամբ ընթացող երթուղիների՝ այսպես կոչված rhumb line / loxodrome հատկությունները։
Այս պատճառով Մերկատորը պատմականորեն շատ հաջող լուծում էր նավիգացիայի համար։
Այսօր էլ այն չի կորցրել իր նշանակությունը։ ՄԱԿ-ի քննարկման ընթացքում նույնպես հատուկ ընդգծվել է, որ բանաձևը չի վիճարկում Մերկատորի օգտագործումը ծովային և օդային նավիգացիայի համար։
Իսկ ի՞նչ է փոխում Equal Earth-ը
Equal Earth պրոյեկցիան ստեղծվել է 2018 թվականին՝ քարտեզագիրներ Tom Patterson, Bernhard Jenny և Bojan Šavrič-ի կողմից։ Այն equal-area, այսինքն՝ հավասարամակերես պրոյեկցիա է։
Դրա հիմնական առավելությունն այն է, որ քարտեզի վրա պահպանվում են տարածքների հարաբերական մակերեսները։
Օրինակ՝ եթե A երկիրը իրականում երկու անգամ մեծ է B երկրից, Equal Earth-ում դրանց հարաբերական մակերեսները նույնպես պահպանվում են այդ հարաբերության մեջ։
Բայց այստեղ ևս կա փոխզիջում։
Equal Earth-ը չի պահպանում միաժամանակ ձևը, անկյունը, հեռավորությունը և ուղղությունը։ Esri-ի տեխնիկական փաստաթղթերում նույնպես նշվում է, որ Equal Earth-ը հարմար է հատկապես փոքր մասշտաբի աշխարհի և թեմատիկ քարտեզների համար, երբ տարածքի ճիշտ հարաբերակցությունը կարևոր է։
Իսկ ինչո՞ւ հենց հիմա՝ 2026 թվականին
Այստեղ արդեն քարտեզագրությունը դուրս է գալիս զուտ տեխնիկական ոլորտից։
Տոգոյի նախաձեռնությամբ և Աֆրիկյան պետությունների աջակցությամբ ներկայացված նախաձեռնությունը կապվում է նաև այն գաղափարի հետ, որ աշխարհի քարտեզի տեսողական պատկերը կարող է ազդել այն բանի վրա, թե ինչպես ենք մենք պատկերացնում տարբեր տարածաշրջանների չափը, նշանակությունը և աշխարհագրական դիրքը։
Reuters-ը նշում է, որ նախաձեռնության հեղինակները Մերկատորի երկարատև գերակայությունը կապում են նաև գաղութատիրական պատմության հետ և պնդում են, որ Աֆրիկան երկար ժամանակ քարտեզներում ներկայացվել է իր իրական մասշտաբից շատ փոքր։
Սա արդեն ոչ միայն cartographic, այլև cultural և geopolitical քննարկում է։
Կարո՞ղ է քարտեզը փոխել մեր պատկերացումն աշխարհի մասին
Հավանաբար՝ այո։
Քարտեզը պարզապես տարածքի նկար չէ։ Այն նաև տարածական տեղեկատվության տեսողական լեզու է։
Փորձեք ինքներդ
Եթե ցանկանում եք այս տարբերությունը ցույց տալ ուսանողներին կամ պարզապես հետաքրքրությունից ուսումնասիրել, կարելի է օգտագործել ինտերակտիվ քարտեզներ, որտեղ Mercator և Equal Earth պրոյեկցիաները կարելի է անմիջապես համեմատել։
Equal Earth-ի ինտերակտիվ քարտեզը
TrueSize.World — երկրների իրական չափերի համեմատություն
Հղումներ և լրացուցիչ ընթերցանություն
- Reuters — UN approves resolution supporting map that shows Africa's true size
- UN — "Correct the Map" resolution, General Assembly
- Esri — Equal Earth projection documentation
- Esri — Understanding map projections
- Equal Earth — ինտերակտիվ քարտեզ և պրոյեկցիաների համեմատություն
- Al Jazeera — Why the UN voted to change the world map
- AP — UN General Assembly endorses Equal Earth map